«Կերոն» զարգացման հիմնադրամը մեկնարկել է Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցման նախագիծը
Երևան, Հայաստան — Սեպտեմբերի 25, 2024թ. — «Կերոն» զարգացման հիմնադրամը մեկնարկել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գրադարանի վերակառուցման նախագիծը՝ որպես Հայաստանում կրթության խթանմանը և կրթական ներուժի զարգացմանն ուղղված եզակի ծրագիր:
Միջազգային չափանիշներին համապատասխան նոր գրադարանը հավակնում է դառնալ գիտելիքի, հետազոտության եւ հաղորդակցման դինամիկ և ժամանակակից կենտրոն: Ստեղծելով հարմարավետ ենթակառուցվածքներ ու միջավայր՝ գրադարանը կգրավի ուսանողների և գիտական հանրության ուշադրությունը և կխթանի ոչ միայն ուսուցումը, այլև հետազոտական աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը:
Արդյունքում, ԵՊԲՀ-ն կամրապնդի իր հեղինակությունը որպես կրթության զարգացման գործում էական ներդրում ունեցող համալսարան։
Այս տարվա հունիսից հիմնադրամն ակտիվ համագործակցել է համալսարանի հետ՝ կազմակերպելով հատուկ հանդիպումներ և քննարկումներ ուսանողների ու ԲՈՒՀ-ի աշխատակազմի հետ: Նրանց շրջանում անցկացվել է նաև հարցում, և հնչած կարծիքները, ցանկություններն ու պահանջները հաշվի են առնվել գրադարանի վերափոխման գաղափարի ձեւակերպման, տեխնիկական առանձնահատկությունների և հիմնական բաղադրիչների մշակման ժամանակ։
Օգոստոսին հայտարարված ճարտարապետական մրցույթին մասնակցեցին մի շարք ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ներկայացրին տրամադրված տեխնիկական պահանջներին համապատասխան իրենց առաջարկները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Defesche van den Putte (DVDP) նիդեռլանդական ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է իր բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթական, մշակութային ոլորտներում: Նրանց նախագծերի շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաստրիխտի համալսարանի, Հաագայի թագավորական գրադարանների վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև Տվենտեի համալսարանի և դրա TechMed կենտրոնի, Ամստերդամի Էմմա մանկական հիվանդանոցի վերանորոգումը և այլն:
Այսօր տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում «Կերոն» զարգացման հիմնադրամի, Երևանի պետական բժշկական համալսարանի և DVDP ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, կատարվեց շրջայց ապագա գրադարանի տարածքով և քննարկվեցին վերակառուցման աշխատանքների բոլոր մանրամասներն և համագործակցության հետագա փուլերը:
Նոր գրադարանը կունենա ֆունկցիոնալ հարամարավետ տարածքներ, հանգստի գոտիներ, գրքերի պահման ժամանակակից համակարգեր և թվային տեխնոլոգիաներ՝ ապահովելով տվյալների բազաներից և ռեսուրսներից օգտվելու առավել արդյունավետ պայմաններ:
«Մենք ուրախ ենք նախաձեռնել Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցման այս կարևոր ծրագիրը, որը, մեր համոզմամբ, կդառնա եզակի նախագիծ Հայաստանում և կնպաստի համալսարանի կրթական ներուժի զարգացմանը: Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որը կծառայի որպես գիտելիքի և համագործակցության դինամիկ կենտրոն, որտեղ կրթությունը և հետազոտական աշխատանքը կխթանվեն առաջադեմ տեխնոլոգիաներով և հարմարավետ ենթակառուցվածքներով՝ նպաստելով ապագա մասնագետների զարգացմանը և համալսարանի հեղինակության բարձրացմանը», — իր խոսքում նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
«Մեզ համար կարևոր օր է. համալսարանն իր որդեգրած առաքելության համաձայն՝ իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, քննարկելու ենք մեզ հետ համագործակցության հուշագրի համաձայն՝ «Կերոն» հիմնադրամի կողմից գրադարանի ստեղծումը»,- ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ ԲՈւՀ-ի համար կարևոր է միջազգային բնագավառում հուսալի գործընկերներ ունենալը: