«ԱՕԿՍ»-ի շենքի վերակառուցման պաշտոնական մեկնարկը տրված է
Երևանի 20-րդ դարասկզբի ճարտարապետական յուրահատուկ հուշարձաններից մեկը՝ «ԱՕԿՍ»-ի շենքը, շուտով նոր շունչ կստանա:
Նոյեմբերի 8-ին Աբովյան 3 հասցեում գտնվող այս պատմական շենքի բանալիները Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների կողմից պաշտոնապես հանձնվեցին «Կերոն» զարգացման հիմնադրամի, «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ-ի և «Maison Marom» ընկերության տնօրեններին:
Վերոհիշյալ երեք կազմակերպություններն այս տարվա օգոստոսին հաղթող էին ճանաչվել շենքի վարձակալության համար Պետական գույքի կառավարմա կոմիտեի կողմից հայտարարված մրցույթում։
Կոմիտեի ներկայացուցիչներն՝ ի դեմս հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանի և մշտադիտարկման և վերլուծության բաժնի պետ Կարեն Գալոյանի, շնորհավորեցին կազմակերպություններին, հանձնեցին շենքի բանալիները և հաջողություն մաղթեցին նախագծի իրականացման գործում։
Առաջիկա վերականգնման և բարեկարգման աշխատանքներում կներգրավվեն լիցենզավորված ճարտարապետներ, շինարարներ և ոլորտի առաջատար մասնագետներ՝ ապահովելու նախագծի պատշաճ իրականացումը: Նախագիծը նպատակ ունի պահպանել «ԱՕԿՍ»-ի շենքի պատմամշակութային արժեքը և միաժամանակ վերածել այն բացառիկ մշակութային ու ստեղծագործական տարածքի՝ համադրելով բարձր արվեստն ու նորաձևությունը:
Շենքի նոր տարածքում նախատեսվում է ստեղծել ցուցասրահներ, որոնք կներկայացնեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները, լյուքս դասի բրենդերի ներկայացման հարթակ, արվեստանոցներ և սրճարան: