«Սարյանի աստիճաններ» նախագիծը

«Սարյանի աստիճաններ» նախագիծը

Հոկտեմբերի 14, 2024

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:

«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:

Այսօր նախագծի իրականացման հեղինակներն աստիճաններին խորհրդանշական սալիկներ փակցրեցին՝ այսպիսով պաշտոնապես ազդարարելով ծրագրի մեկնարկը:

 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշեց,— «Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը և նոր շունչ կհաղորդի Երևանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ, որ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող և ստեղծագործական միջավայր»:

Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

 ««Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնական ուղղությանը զուգահեռ՝ մենք աջակցում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք կյանքը Հայաստանում դարձնում են ավելի գրավիչ և դինամիկ: Այս ծրագրի շրջանակում մեր նպատակն է ստեղծել մի վայր, որը ոչ միայն գեղարվեստական արժեք կստեղծի՝ ներկայացնելով մշակութային ժառանգությունը նոր ձևաչափով,  այլև կդառնա ժամանակակից տարածք, որը վստահ եմ՝ կսիրվի երևանցիների կողմից»,- հավելեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

 Նախագծի մեկնարկն արդեն տրված, է և այն ավարտական տեսք կստանա մի քանի ամսից: Մանե Թայլս ընկերությունը դեռևս «Ժպտա՛, Երևան» ծրագրի մեկնարկից Երևան քաղաքում մի քանի նախագծեր է իրականացրել, որոնք միտված են ոչ միայն գեղեցկացնել և հաճելի դարձնել քաղաքը տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար: «Այսօր աշխարհում շրջագայող զբոսաշրջիկները շատ գիտակ և կրթված են, ուստի դժվար է մարդկանց զարմացնել նորարարությամբ: Փոխարենը` մենք փորձում ենք վերարտադրել մեր մշակութային արժեքները և նոր ձևաչափով մատուցել հասարակությանը: Ձեռագործ յուրաքանչյուր սալիկի մեջ շատ արևի էնէրգիա կա, ինչպես և պատկերել է մեծանուն վարպետ Մարտիրոս Սարյանը:  Մենք լիահույս ենք, որ բացառիկ այս անկյունը շատ սիրվելու է մարդկանց կողմից, և ձևաչափը վարակիչ է լինելու շատերիս համար: Ուստի, բոլորս պետք է զինվենք մեծագույն պատրաստակամությամբ մի լավ գործ անելու մեր քաղաքի համար: Սա մենք հայտարարում ենք ոչ միայն որպես Մանե Թայլզ ընկերության ներկայացուցիչ,  այլ որպես երևանցի, քաղաքացի, հայ մարդ»: