Երևանի «ԱՕԿՍ-ի շենք»-ի վերածննդի նախագծի մեկնարկը
«Կերոն» զարգացման հիմնադրամը, «Զեթ Ընդ Էյ» ՍՊ ընկերությունը և «Maison Marom» ՍՊ ընկերությունը մեծ ուրախությամբ հայտարարում են Երևանի հնագույն և եզակի շենքերից մեկի՝ Աբովյան 3 հասցեում գտնվող և առավել հայտնի որպես «ԱՕԿՍ-ի շենք», վերածննդի նոր նախագծի մեկնարկը։ Վերոհիշյալ երեք կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այս պատմական շենքի վարձակալության՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթում:
20-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձան հանդիսացող այս բացառիկ շենքը մինչ օրս համարվում է Երևանի լավագույն շինություններից մեկը։ Նախագիծը նպատակ ունի պահպանել շենքի պատմամշակութային արժեքը, միաժամանակ ներդնել նորարական լուծումներ, ստեղծել տարածքներ արվեստի ցուցադրությունների, նորաձևության ցուցասրահների և ստեղծագործական արվեստանոցների համար։
Նախատեսվում է ունենալ սրահներ, որտեղ կներկայացվեն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական արվեստի լավագույն նմուշներ, լյուքս դասի հագուստի բրենդեր, կգործի արվեստանոց և սրճարան։ Նախագծի աշխատանքների իրականացման համար կներգրավվեն լիցենզավորված ճարտարապետներ, շինարարներ ինչպես նաև նախագիծը իրագործելու համար այլ անհրաժեշտ մասնագետներ:
«Մեր հիմնական ծրագրից զատ՝ սա հիմնադրամի համար կարևորագույն նախագծերից մեկն է: Մենք մեր գործընկերների հետ միասին ոչ միայն մտադիր ենք պահպանել այս եզակի շենքը որպես պատմամշակութային կառույց, այլ նաև կստեղծենք բազմաֆունկցիոնալ տարածքներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող առիթ այցելելու այս յուրօրինակ շենքը», — նշում է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Նախագիծը նպատակ ունի միավորել բարձր արվեստն ու նորաձևությունը՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային և կոմերցիոն համալիր, որը կնպաստի Երևանի մշակութային կյանքի զարգացմանը և քաղաքի միջազգային ճանաչելիության բարձրացմանը:
Մոտ ապագայում կազմակերպությունները կհրավիրեն մամլո ասուլիս և կներկայացնեն նախագծի մանրամասները: