ԵՊԲՀ-ի նոր գրադարանի նախաձեռնությունը քայլ առ քայլ կյանքի է կոչվում

ԵՊԲՀ-ի նոր գրադարանի նախաձեռնությունը քայլ առ քայլ կյանքի է կոչվում

Աշխարհի լավագույն բուհերի գրադարանների օրինակով ԵՊԲՀ-ն՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող գրադարանային համալիր:

Մասշտաբային նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ գործընթացներ են մեկնարկել:

Հիմնադրամի թիմը` ի դեմս գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի, Defesche van deb Putte (DVDP) ընկերությունը ներկայացնող  նիդերլանդցի  գլխավոր ճարտարապետներ Յեֆ վան դեն Պուտը և Փիթեր Դեֆեշը Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի և մյուս պատասխանատուների ուղեկցությամբ շրջեցին բուհում, տեղազզնում կատարեցին` նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ վերանորոգման ենթակա տարածքներին առավել դետալային ծանոթանալու, բազմաթիվ աշխատանքային կետեր քննարկելու նպատակով:

Արտերկրից ժամանած ճարտարապետները շինարարությունն իրականացնող հայ կոլեգաների հետ, որոնց թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 3 ուսանող, բժշկական բուհ երկրորդ այցի ընթացքում մանրամասն ծանոթացան շենքի կառուցվածքին, մուտքային և ելքային հանգույցներին, տեխնիկական այլ առաջադրանքներին վերաբերող հարցերին:

Նոր որակի կրթական միջավայր և ուսանողական տարածք ձևավորելու համար հիմնադրամի խոշոր այս պրոեկտում հաշվի է առնված ամեն մի մանրուք. բնական լուսավորությունից մինչև անվտանգության խնդիրներ, ուսանողների հոսք, հարմարավետություն:

Շրջայցին հաջորդեց հանդիպումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, որի ընթացքում ճարտարապետ Փիթեր Դեֆեշը համալսարանականներին ներկայացրեց ապագա գրադարանի կոնցեպտի վերջնականացված տարբերակը: Լսելով փորձառու ճարտարապետին՝ Արմեն Մուրադյանը որոշակի դիտարկումներ և առաջարկներ արեց, որոնք ինտերակտիվ քննարկման արդյունքում արժանացան հավանության, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջացնել ու կատարելագործել շինարարական նախագիծը:

 «Կերոն» հիմնադրամի հետ աշխատանքային առաջիկա հանդիպումներն ու խորհրդակցությունները միջազգային փորձի վրա հիմնվելով՝ քայլ առ քայլ իրականություն կդարձնեն արդիականացված գրադարան ունենալու կարևոր նախաձեռնությունը: