«Կերոն» զարգացման հիմնադրամը մասնակցեց APRI Forum 2026-ին

Սեպտեմբերի 23-ին APRI Forum 2026-ի շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը մասնակցեց “Growing Our Talent, Trees, and Civic Space” խորագրով պանելային քննարկմանը։

Սեպտեմբերի 23-25-ը Երևանում անցկացվող APRI Forum 2026-ն այս տարի կրում է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը։ Այն եռօրյա համաժողով է, որը համախմբում է քաղաքական, գործարար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի զարգացման և ապագայի ձևավորման առանցքային ուղղությունները։

Ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման առանցքում էին երկարաժամկետ զարգացման այն բաղադրիչները, որոնց արդյունքը միշտ չէ, որ տեսանելի է անմիջապես, սակայն հենց դրանք են ձևավորում երկրի ապագան՝ մարդկային կապիտալի զարգացումը, որակյալ կրթական և հանրային միջավայրերի ստեղծումը, համայնքների ամրապնդումն ու քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը։

Վանանե Արարքցյանը ներկայացրեց «Կերոն»-ի փորձն ու մոտեցումները՝ անդրադառնալով միջազգային փորձառության և տեղական ներուժի համադրմանը «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի՝ ժամանակակից կրթական կենտրոնի վերափոխման նախագծին, ինչպես նաև «Վերնատուն» ակումբի միջոցով Հայաստանում երկխոսության, համագործակցության և համայնքային կապերի մշակույթի զարգացմանը։

Քննարկման կարևոր թեմաներից էր նաև այն, թե ինչպիսի միջավայր պետք է ձևավորի Հայաստանը, որպեսզի տաղանդավոր մարդիկ ոչ միայն զարգանան այստեղ, այլև ընտրեն ապրել, աշխատել, ստեղծել և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Պանելային քննարկմանը մասնակցեցին նաև Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան և Engineering Association-ի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը։

Քննարկումը մոդերացրեց APRI Armenia-ի դոնորների հետ հարաբերությունների փոխնախագահ Սեդա Արզումանյանը։