
Մեծ ձեռքբերում հայկական թենիսում. Հայաստանը կանանց միջազգային թենիսում կներկայա եվս մեկ ուժեղ մարզիկով
«Կերոն» զարգացման հիմնադրամը շարունակում է սպորտի զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունները՝ Հայաստանի մարզական ներուժին ավելացնելով միջազգային փորձ, տաղանդ և նոր հնարավորություններ։ Այս շրջանակում երկար բանակցություններից հետո թենիսիստուհի Ալինա Չարաևան միանում է հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրին։
Հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Ալինան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկայում միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
24-ամյա Ալինա Չարաևան պրոֆեսիոնալ թենիսում հանդես եկող խոստումնալից մարզիկներից է։ Նա ծնվել է Ռուսաստանի Սամարա քաղաքում, թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից և տարիների ընթացքում անցել է միջազգային մրցաշարային լուրջ ուղի։ Ալինան WTA վարկանիշային աղյուսակում հասել է կարիերայի լավագույն արդյունքին և այժմ զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը: Պատանեկան տարիներին ITF Junior վարկանիշում զբաղեցրել է 12-րդ տեղը։ Նա նաև մասնակցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի որակավորման փուլերին՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը կանանց միջազգային թենիսում։
Ալինա Չարաևայի միանալը «Տաղանդների ֆոնդ» ծրագրին կարևոր քայլ է Հայաստանի սպորտային ներկայության ընդլայնման տեսանկյունից։ «Կերոն» զարգացման հիմնադրամի համար սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է միջազգային տաղանդը դառնալ Հայաստանի զարգացման, ճանաչելիության և մարզական ապագայի մաս։
«Տաղանդների ֆոնդ» ծրագիրը հիմնադրամի առաջնային նախաձեռնությունն է, որի նպատակն է Հայաստան ներգրավել բարձրակարգ մասնագետների և տաղանդների՝ մշակույթի, սպորտի, կրթության, առողջապահության և տարածքային զարգացման ոլորտներում։ Ծրագիրը Հայաստանը ներկայացնում է որպես միջավայր, որտեղ միջազգային փորձը և անհատական ներուժը կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել։ Այս պահին ծրագրում ներգրավված են 10 մասնագետ, երկու մարզիկ և մեկ մարզային զույգ:
Ալինա Չարաևայի ներգրավումը Հայաստանի հավաքական «Կերոն» զարգացման հիմնադրամի սպորտային ուղղության զարգացման շարունակական աշխատանքի կարևոր կետերից մեկն է։ Երկու տարի առաջ հիմնադրամի աջակցությամբ պրոֆեսիոնալ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և 2025 թվականի մարտին նոր էջ բացել հայկական սպորտի պատմության մեջ՝ դառնալով թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) համաշխարհային դասակարգման լավագույն 40-յակում ընդգրկված առաջին հայ կին մարզիկը։ Իսկ այս տարի Հայաստանի կանանց հավաքականի ներքո Էլինան հաջողության է հասել Բիլի Ջին Քինգ-ում (կանանց աշխարհի թիմային գավաթ)՝ առաջադիմելով խաղարկության 2-րդ ենթախումբ։
«Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ հայտարարել իմ մարզական կարիերայի նոր փուլի մասին․ այսուհետ ես պաշտոնապես ներկայացնելու եմ Հայաստանը։ Այս որոշումն ինձ համար հնարավորություն է ոչ միայն աճելու որպես թենիսիստուհի, այլև՝ որպես մարդ։ Ինձ համար մեծ պատիվ է միջազգային կորտ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո, և անհամբեր սպասում եմ, թե ինչ կբերի ինձ այս նոր ճանապարհը», — նշում է Ալինա Չարաևան։
Ալինա Չարաևայի միանալով՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը։
