
Ալինա Չարաևա
Նպատակ
Ներկայացնել Հայաստանը թենիսի բոլոր միջազգային մրցաշարերում՝ հանդես գալով որպես հայկական թենիսի դեսպան համաշխարհային հարթակում և միաժամանակ խթանելով սպորտի զարգացումը երկրի ներսում
Նախագծի կատեգորիա՝
«Տաղանդների ֆոնդ» ծրագիր
Հայաստանի հանրայնացում
Գործընկերներ՝
Հայաստանի Թենիսի Ֆեդերացիա
Տևողություն՝
Հուլիս 2026-ից ընթացիկ
24-ամյա Ալինա Չարաևան պրոֆեսիոնալ թենիսում հանդես եկող խոստումնալից մարզիկներից է։ Նա ծնվել է Ռուսաստանի Սամարա քաղաքում, թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից և տարիների ընթացքում անցել է միջազգային մրցաշարային լուրջ ուղի։ Ալինան WTA վարկանիշային աղյուսակում հասել է կարիերայի լավագույն արդյունքին և այժմ զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը: Պատանեկան տարիներին ITF Junior վարկանիշում զբաղեցրել է 12-րդ տեղը։ Նա նաև մասնակցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի որակավորման փուլերին՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը կանանց միջազգային թենիսում։
«Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Ալինան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկայում միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
Ալինա Չարաևայի միանալը «Տաղանդների ֆոնդ» ծրագրին կարևոր քայլ է Հայաստանի սպորտային ներկայության ընդլայնման տեսանկյունից։ «Կերոն» զարգացման հիմնադրամի համար սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է միջազգային տաղանդը դառնալ Հայաստանի զարգացման, ճանաչելիության և մարզական ապագայի մաս։
«Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ հայտարարել իմ մարզական կարիերայի նոր փուլի մասին․ այսուհետ ես պաշտոնապես ներկայացնելու եմ Հայաստանը։ Այս որոշումն ինձ համար հնարավորություն է ոչ միայն աճելու որպես թենիսիստուհի, այլև՝ որպես մարդ։ Ինձ համար մեծ պատիվ է միջազգային կորտ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո, և անհամբեր սպասում եմ, թե ինչ կբերի ինձ այս նոր ճանապարհը»
Ալինա Չարաևայի միանալով՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը։
