
Երեք հանրային խաղահրապարակներ Երևանում
Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ
Գործընկերներ՝
Կենտրոն վարչական շրջան
Տևողություն՝
Սեպտեմբեր 2025 — Մարտ 2026
Նպատակներ
Ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան, բացառապես հասարակական նշանակության, ներառական, ժամանակակից խաղահրապարակներ, որոնք միաժամանակ խթանում են երեխաների ստեղծարար ու սոցիալական զարգացումը, ապահովում են անվտանգ և ոգեշնչող խաղային փորձ, և ծառայում են որպես նախատիպ տարածքային զարգացմանն ուղղված ապագա նախաձեռնությունների համար:
«Կերոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում երեք նոր սերնդի խաղահրապարակների ստեղծման ծրագիրը:
Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկի՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է, որն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ։
Այս նախաձեռնությամբ հիմնադրամը փորձում է լուծել մայրաքաղաքում հանրային և միջազգային ստանդարտներին համապատասխան, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված և ֆունկցիոնալ առանձնահատկություններով հագեցած խաղահրապարակների բացակայության խնդիրը: Հասարակության պահանջը ժամանակակից, անվտանգ և կրթական նշանակությամբ խաղային միջավայրերի նկատմամբ անընդհատ աճում է, և «Կերոն» զարգացման հիմնադրամը արձագանքում է՝ առաջարկելով լուծում։
Նախագծի շրջանակում Երևանում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ, որոնք ամբողջությամբ հասարակական նշանակության տարածքներ կլինեն՝ առանց որևէ բիզնես բաղադրիչի։
Նախագծում ներառված երեք խաղահրապարակները թեմատիկ ուղղվածություն են ունենալու և իրենց առանձնահատկությամբ վերածելու են երեխաների խաղն իսկական արկածի։

Խաղահրապարակները մշակվել են ոլորտի բարձր փորձ ունեցող տեղական եւ միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Դրանք ունեն ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր՝ ճոճանակներ ու սահարաններ, աշխարհի առաջատար արտադրողներից, այնպես էլ հատուկ պատվերով Երեւանի համար ստեղծված խաղային սարքավորումներ։
Խաղահրապարակները նախագծելիս՝ հաշվի են առնվել ծնողների, հարակից տարածքների բնակիչների կարծիքները. այդ նպատակով իրականացվել են ֆոկուս խմբեր և քննարկումներ։ Բարձրաձայնված դիտարկումները ներառվել են նախագծման փուլում։
Խաղահրապարակը նախագծված են՝ հաշվի առնելով երեխաների անվտանգությունն ու բնապահպանական բարձր ստանդարտները: Տարածքի հիմնական գոտիներում օգտագործվելու են փափուկ խճաքարային և ռետինե ծածկույթներ, իսկ խաղային տարրերի հիմնական մասը պատրաստված է լինելու բնական փայտից և վերամշակված նյութերից։ Նախագծման առաջնահերթություններից է նաև առկա կանաչապատ տարածքների լիարժեք պահպանումը եւ նոր կանաչապատ գոտիների ստեղծումը:
Այս խաղահրապարակները ոչ միայն երեխաների խաղի տարածք են, այլև մտածված միջավայր՝ զարգացնելու նրանց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը:

Խաղահրապարակ 1.
Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները
Տարածք՝ Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ
Մեծություն՝ 2000 քմ
Տարիքային խմբեր՝ 0-3, 3-7, 7-12
Բրենդինգ՝ Braind
Պաշտոնական բացում: Սեպտեմբեր 21, 2025
Խաղահրապարակը թեմատիկորեն ձևավորված է որպես երևակայական ջրային աշխարհ՝ ալիքներով, ձկներով և կղզիներով։ Դրա կենտրոնում տեղադրված է Հայաստանի գետային ձկներից մեկի՝ կարմրախայտի խաղային կառույցը, որն ալիքաձև կախովի ցանցերի հետ միասին ձևավորում է շուրջ 27 մետրանոց խաղային համալիր, որտեղ երեխաները կարող են մագլցել, սահել և խաղալ թե՛ միայնակ, թե՛ խմբերով։ Խաղահրապարակն առաջարկում է խաղի բազմազան տեսակներ. արկածային խաղեր՝ մագլցման ցանցերի և թունելների միջոցով, բնական նյութերի հիմքով զգայական և շոշափելի խաղեր, սահարաններ և այլն:
«Կարմրախայտ» խաղահրապարակը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր երեխա գտնի իր տարիքին և զարգացման փուլին համապատասխան հետաքրքիր խաղային տարր։
Ծանոթացե՛ք խաղահրապարակի բոլոր տարրերին ու դրանց ներառական առանձնահատկություններին

Խաղահրապարակ 2.
Կենաց ծառի հիշողությունը.
վիշապագորգ
Տարածք՝ Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ
Մեծություն՝ 800 քմ
Տարիքային խմբեր՝ 0-3, 3-7
Գործընկեր՝ «Արմբրոկ» ներդրումային ընկերություն
Բրենդինգ՝ Jinj Branding
Պաշտոնական բացում: Դեկտեմբեր, 2025
Այս խաղահրապարակը մի յուրահատուկ տարածք է, որտեղ հայկական ավանդույթը համադրվում է ժամանակակից դիզայնի և երևակայության ուժի հետ։ Նրա կենտրոնական ոգեշնչումը՝ ավանդական հայկական գորգն է, որի երկրաչափական նախշերն ու գույները վերածվել են խաղային բլրակների, թունելների և սահարանների։
Նախագծված է 0–3 և 3–7 տարեկան երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ստեղծագործ միջավայր։

Խաղահրապարակ 3.
Գիտությունը՝ ներսից դուրս.
hայ գյուտարարները
Տարածք՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակ
Մեծություն՝ 675 քմ
Տարիքային խմբեր՝ 3-7, 7-12
Բրենդինգ՝ Doping Creative Agency
Պաշտոնական բացում: Մարտ, 2026
Երևանի առաջին ուղղահայաց խաղահրապարակում երեխաները ոչ միայն խաղում են, այլև հաղթահարում երեք տարբեր մակարդակի բարձրություններ՝ հասնելով քաղաքի ամենաբարձր՝ 7 մետրանոց սահարանին։
Տարածքը նախատեսված է 3–7 և 7–12 տարեկան երեխաների համար՝ ապահովելով բազմաֆունկցիոնալ խաղային փորձ։
Այս նախագիծն իրականացվում է այն տեսլականով, որ այն ապագայում նախատիպ կդառնա նմանատիպ այլ խաղահրապարակների ստեղծելու գործում։

Partners

Երեք հանրային խաղահրապարակներ
Աջակցելով այս նախագծին՝ Դուք կօգնեք ստեղծել բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան և տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախագծված հանրային խաղահրապարակներ։