logo background

Երեք հանրային խաղահրապարակներ Երևանում

Նախագծի կատեգորիա՝

Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝

Կենտրոն վարչական շրջան, «ՌՈՔ ՔԵՓԻԹԸԼ» ներդրումային ընկերություն, «Փեյփր» ընկերություն

Տևողություն՝

2025 սեպտեմբեր — 2026 մայիս

 

Նպատակներ

Ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան, բացառապես հասարակական նշանակության, ժամանակակից խաղահրապարակներ, որոնք խթանում են երեխաների ստեղծարար ու սոցիալական զարգացումը, ապահովում են անվտանգ և ոգեշնչող խաղային փորձառություն և ծառայում են որպես նախատիպ տարածքային զարգացմանն ուղղված ապագա նախաձեռնությունների համար:

«Կերոն» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում երեք նոր սերնդի խաղահրապարակների ստեղծման ծրագիրը: Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկի՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է, որն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ։ Հիմնադրամի նպատակն էր լուծել մայրաքաղաքում միջազգային չափանիշներին համապատասխանող և տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված հանրային խաղահրապարակների պակասի խնդիրը։ Ժամանակակից, անվտանգ և կրթական խաղային միջավայրի աճող պահանջարկին զուգընթաց «Կերոն» զարգացման հիմնադրամն արձագանքում է մտածված նախագծային լուծումներով։ Նախագծի շրջանակներում Երևանում ստեղծվել են միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ, որոնք ամբողջությամբ հասարակական նշանակություն ունեն:  Նախագծում ներառված երեք խաղահրապարակները հստակ թեմատիկ ուղղվածություն ունեն և իրենց առանձնահատկությամբ վերածում են  երեխաների խաղն իսկական արկածի։ Խաղահրապարակները մշակվել են ոլորտի բարձր փորձ ունեցող տեղական եւ միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Դրանք ունեն ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր՝ ճոճանակներ ու սահարաններ, աշխարհի առաջատար արտադրողներից, այնպես էլ հատուկ պատվերով Երեւանի համար ստեղծված խաղային սարքավորումներ։

Խաղահրապարակները նախագծելիս՝ հաշվի են առնվել ծնողների, հարակից տարածքների բնակիչների կարծիքները. այդ նպատակով իրականացվել են ֆոկուս խմբեր և քննարկումներ։ Բարձրաձայնված դիտարկումները ներառվել են նախագծման փուլում։ Խաղահրապարակները կառուցելիս մեծ ուշադրություն է դարձվել երեխաների անվտանգությանը և բարձր բնապահպանական չափանիշներին: Հիմնական տարածքներում օգտագործվել են ռետինե մակերեսներ և փափուկ խճաքար, իսկ խաղային կառուցվածքների հիմնական մասը պատրաստվել է բնական փայտից և վերամշակված նյութերից: Առաջնահերթություն է տրվել նաև առկա կանաչ տարածքների պահպանմանը և նոր լանդշաֆտային գոտիների ստեղծմանը: Այս խաղահրապարակները ոչ միայն երեխաների խաղի տարածք են, այլև մտածված միջավայր՝ զարգացնելու նրանց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը:

Խաղահրապարակ 1.

Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները

Տարածք՝ Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ

Մակերես՝ 2000 քմ

Տարիքային խումբ՝ 0-12

Բրենդինգ՝ Braind

Պաշտոնական բացում՝ 2025թ. սեպտեմբերի 21

Խաղահրապարակը թեմատիկորեն ձևավորված է որպես երևակայական ջրային աշխարհ՝ ալիքներով, ձկներով և կղզիներով։ Դրա կենտրոնում տեղադրված է Հայաստանի գետային ձկներից մեկի՝ կարմրախայտի խաղային կառույցը, որն ալիքաձև կախովի ցանցերի հետ միասին ձևավորում է շուրջ 27 մետրանոց խաղային համալիր, որտեղ երեխաները կարող են մագլցել, սահել և խաղալ ինչպես միայնակ, այպես էլ խմբերով։  Խաղահրապարակն առաջարկում է խաղի բազմազան տեսակներ. արկածային խաղեր՝ մագլցման ցանցերի և թունելների միջոցով,  բնական նյութերի հիմքով զգայական և շոշափելի խաղեր, սահարաններ և այլն: «Կարմրախայտ» խաղահրապարակը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր երեխա գտնի իր տարիքին և զարգացման փուլին համապատասխան հետաքրքիր խաղային տարրեր։

Ծանոթացե՛ք խաղահրապարակի բոլոր տարրերին ու դրանց ներառական առանձնահատկություններին

Խաղահրապարակ 2.

Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը

Տարածք՝ Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ

Մակերես՝ 800 քմ

Տարիքային խումբ՝ 0-7

Գործընկեր՝ «Ռոք Քեփիթըլ» ներդրումային ընկերություն

Բրենդինգ՝ Jinj Branding

Պաշտոնական բացում՝ 2025թ. դեկտեմբերի 14

Այս խաղահրապարակը համատեղում է հայկական ավանդույթները ժամանակակից դիզայնի և երևակայության հետ։ Հայկական ավանդական գորգից ոգեշնչված՝ երկրաչափական նախշերն ու վառ գույները վերածվում են խաղային տարածքների, թունելների և սահուղիների: 800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս ժամանակակից, անվճար և ներառական խաղահրապարակը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան և նախատեսված է 0-7 տարեկան երեխաների համար։ Այն առաջարկում է հարմարավետ, անվտանգ և ստեղծագործ մթնոլորտ՝ տարածքը վերածելով երևակայության, խաղի և մշակութային հիշողության եզակի խառնուրդի։

Ծանոթացե՛ք խաղահրապարակի բոլոր տարրերին ու դրանց ներառական առանձնահատկություններին

Խաղահրապարակ 3.

Հայ գյուտարարներ. գիտությունը ներսից դուրս

Տարածք՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակ

Մակերես՝ 700 քմ

Տարիքային խումբ՝ 3-12

Գործընկեր՝ «Փեյփր» ընկերություն

Բրենդինգ՝ Zuck 

Պաշտոնական բացում՝ 2026թ. մայիսի 4

Երևանի առաջին ուղղահայաց խաղահրապարակում երեխաները ոչ միայն խաղում են, այլև հաղթահարում երեք տարբեր մակարդակի բարձրություններ՝ հասնելով քաղաքի ամենաբարձր՝ 6 մետրանոց սահարանին։ Խաղահրապարակը նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար և ապահովում է բազմաֆունկցիոնալ և ֆիզիկապես գրավիչ փորձառություն։ Մոտավորապես 700 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խաղահրապարակն առանձնանում է իր թեմատիկ դիզայնով։ Այն ոգեշնչված է հայկական գիտական ​​մտքից և ստեղծված է այնպես, որ երեխաները կարողանան խաղի միջոցով ուսումնասիրել գիտության աշխարհը։ Տարածքի կենտրոնական մասը 6 ​​մետր բարձրությամբ աշտարակն է, որի շուրջ կառուցված է ամբողջ խաղային միջավայրը: Ներառված են ինտերակտիվ տարրեր, որոնք ներկայացնում են ֆիզիկայի, աստղագիտության և ճարտարագիտության հիմնական հասկացությունները։ Խաղահրապարակը բաղկացած է մի քանի թեմատիկ գոտուց։ Գլխավոր աշտարակի տարածքում ներառված են ժայռամագլցման ցանցեր, սահուղիներ և գիտական ​​վահանակներ, որոնք խորհրդանշում են հայտնագործությունն ու նորարարությունը։ Կա նաև առանձին գոտի՝ փոքրիկ ինտերակտիվ լաբիրինթով՝ երեխաների հետազոտական ​​հմտությունները և տրամաբանական մտածողությունը խրախուսելու համար։ Խաղահրապարակը պարունակում է նաև ներառական տարրեր, որոնք ապահովում են բոլոր երեխաների համար հավասար հնարավորություններ։ Այն համատեղում է խաղը և կրթությունը՝ աջակցելով երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացմանը, ինչպես նաև միաժամանակ նրանց ծանոթացնելով ականավոր հայ գիտնականների նվաճումներին։

Ծանոթացե՛ք խաղահրապարակի բոլոր տարրերին ու դրանց ներառական առանձնահատկություններին