logo background

«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը Դիլիջանի ավագ դպրոցում

Նպատակ 

Հասանելի դարձնել «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության մոդելը Դիլիջանի  ավագ դպրոցի աշակերտների համար՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ ու մրցունակ հմտություններ

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ 

 Գործընկերներ՝
«Այբ» կրթական հիմնադրամ 

Տևողություն՝
Օգոստոս 2025 – Մայիս 2026 

 

«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն միաժամանակ նպաստում է սովորողների հմտությունների զարգացմանը և առարկայական գիտելիքների խորացմանը։ Ծրագիրը ներդրվել է «Այբ» դպրոցում 2015 թվականին և մինչ օրս հաջողությամբ իրականացվում է Երևանում։ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ծրագրի մեկնարկը տրվեց Դիլիջան քաղաքի միակ  ավագ դպրոցում, որպես մեկնարկային կրթական նախագիծ մարզերում, հնարավորություն ընձեռելով աշակերտներին ձեռք բերել ինչպես ակադեմիական, այնպես էլ անձնային ու համագործակցային հմտություններ։

Մշակված նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են  այնպիսի կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, հաղորդակցման հմտությունները, նախաձեռնողականությունը և այլն: 

Այս մոդելը նախապատրաստում է աշակերտներին 21-րդ դարի մարտահրավերներին՝ զինելով նրանց քննադատական մտածողության, ստեղծագործականության, հաղորդակցման և համագործակցության հմտություններով: Միևնույն ժամանակ խթանում է անկախություն՝ աշակերտներին խրախուսելով պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման և որոշումների կայացման հարցում:    

Ծրագիրն իրականացվել է 12 ամիսների ընթացքում  ՝ նեռարյալ նախապատրաստական և արդյունքների գնահատման փուլերը։ Ծրագրի շրջանակում Դիլիջանի ավագ դպրոցում ձևավորվել էր երեք նախագծային ակումբ՝ տարածքային զարգացման, կրթության և տուրիզմի ուղղություններով։ Նախագծավարների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրել են Դիլիջան համայնքի կարիքները, գեներացրել խնդիրների լուծմանն ուղղված գաղափարներ, մշակել նախագծեր և դրանք ներկայացրել մասնագիտական քննարկումների ընթացքում։

 

Ծրագրի ընթացքում աշակերտները մասնակցել են մի շարք ճանաչողական այցերի, վարպետաց դասերի և մենթորական հանդիպումների։ Նրանք այցելել են Loft Yerevan և Impact Hub Yerevan՝ ծանոթանալու սոցիալական ձեռներեցության, ազդեցություն ունեցող նախաձեռնությունների և կայուն համայնքային տարածքների ստեղծման փորձին։ Աշակերտներն այցելել են Formula VC, որտեղ ծանոթացել են Հայաստանի ստարտափային և տեխնոլոգիական էկոհամակարգին։ Ծրագրի մասնակիցների համար անցկացվել են նաև ծրագրերի կառավարման, ֆոնդհայթհայթման, բյուջետավորման, հաղորդակցման հմտությունների և նախագծերի ռազմավարական զարգացման վերաբերյալ գործնական հանդիպումներ։

Աշակերտները ներկայացրել էին իրենց նախագծերի նախնական տարբերակները առաջին հանձնաժողովի առջև՝ ստանալով մասնագիտական հարցեր և ուղղորդող խորհուրդներ։ Հետագա փուլերում թիմերը շարունակել են կատարելագործել իրենց գաղափարները՝ նախագծավարների և ոլորտի մասնագետների աջակցությամբ։

Ծրագրի արդյունքում մայիսի 20-ին աշակերտներն ընտրող հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց երեք նախագծային գաղափարները: Արդյունքում կրթական ակումբն ստացավ Evocabank-ի գլխավոր մրցանակը՝ 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ձեռք բերեց համագործակցություններ Cabinet Restaurant-ի և GreenRock հիմնադրամի հետ: Ակումբը նաև հնարավորություն կունենա ստանալ մարքեթինգային խորհրդատվություն Evocabank-ի մարքեթինգի թիմից։ Տարածքային զարգացման ակումբը կստանա հնարավորություն իրականացնելու իր գաղափարները Green Rock հիմնադրամի տարածքում, իսկ ժյուրիի անդամները սիրով համաձայնվեցին շարունակել աջակցել թիմին որպես մենթորներ։ Զբոսաշրջության ակումբը ևս կշարունակի աշխատել ժյուրիի անդամների հետ՝ գաղափարի հետագա զարգացման և իրականացման ուղղությամբ։ «ԱյբՊՐՈ» ծրագրի իրականացումը Դիլիջանում կարևոր քայլ էր նախագծային ուսումնառության մոդելը մարզեր տեղափոխելու և աշակերտներին գործնական կրթական փորձառություն տրամադրելու ուղղությամբ։ Ծրագիրը ոչ միայն նպաստեց մասնակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանը, այլև խրախուսեց նրանց տեսնել սեփական համայնքի խնդիրները, մտածել լուծումների մասին և պատասխանատվություն ստանձնել դրանց իրականացման ճանապարհին։ 

Դիլիջանում ծրագրի գործընկերն է Գրին Ռոք հիմնադրամը, որը հանդիսանում է Green Rock ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը և իրականացնում է կրթական, մշակութային և բնապահպանական ծրագրեր ներդրումների և ռազմավարական համագործակցությունների միջոցով:    Հիմնադրամն աջակցում է կրթական ծրագրի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել համայնքի կրթական, սոցիալական և տնտեսական առաջընթացը։